Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դեսպանն ասել է ամեն ինչ ու նույնիսկ ավելին

Դեսպանն ասել է ամեն ինչ  ու նույնիսկ ավելին
30.03.2018 | 00:23

Երեկվա օրը ԱՄՆ դեսպանինն էր: Ռիչարդ Միլզը հարկ է համարել հերքել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի դատավճռի հրապարակումից հետո հայկական մեդիադաշտում շրջանառվող լուրերը, թե Արևմուտքը Հայաստանում իշխանափոխության նպատակով աջակցում է ընդդիմադիր խմբերին, անգամ զինված խմբավորումներին, ինչպիսին է «Սասնա ծռեր»-ը: Այդ լուրերը «իրականությունից ավելի հեռու չէին էլ կարող լինել»` ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:

Aysor.am-ի խնդրանքով մեկնաբանելով լուրերը՝ նա պարզաբանել է` «Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա ծռերն» է, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար: Անցած տարի «Սասնա ծռերի» անդամների գործողությունների հետևանքով մարդկային կյանքեր կորսվեցին, իսկ մերձակա համայնքի բնակիչները անհարկի հայտնվել էին սոսկալի վիճակում»: «Քաղաքական փոփոխություն կատարելու նպատակով բռնությունը որպես գործիք կիրառելը հակասում է ոչ միայն ամերիկյան արժեհամակարգին, այլև խաղաղ երկխոսության և մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի գլոբալ ժողովրդավարական արժեքներին: Բռնությունը բոլոր կողմերից վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և երբեք չի կարող հանդուրժվել: ՈՒստի՝ ոչ, մենք նման խմբերի կամ նման գործողությունների չենք աջակցում: Սրա հետ մեկտեղ, արդար դատաքննության իրավունքը պետք է իրացվի բոլոր մեղադրյալների համար»,- ընդգծել է դեսպանը:


Ինքնին հասկանալի է, որ որևէ երկրի, բնականաբար նաև ԱՄՆ-ի դեսպանը չէր կարող աջակցություն հայտնել զենքով իշխանափոխությանը և քաղաքական բռնությանը: Նույնքան հասկանալի է, որ անօրինական ճանապարհով իշխանափոխությունը չէր ընդունվելու ոչ իբրև գաղափար, ոչ իբրև գործողություն` ինչ հետևանքներ էլ ունենար: Ժողովրդավարության պահանջներից մեկն էլ արդար դատաքննության իրավունքն է, որ կարևորել է ԱՄՆ դեսպանը:

Հնչելով հենց այս օրերին` Ռիչարդ Միլզի հայտարարությունը նշանակում է.
1. ԱՄՆ-ը չի խառնվում Հայաստանի ներքին քաղաքական խնդիրներին և համարում է վարչապետի հարցը լուծված 2017-ի խորհրդարանական ընտրություններով:
2. ԱՄՆ-ը չի խառնվում և որևէ աջակցություն չի լինելու հրապարակ դուրս եկող շարժումներին կամ քաղաքական ուժերին` ոչ իրեն «Ծռերի» մասնաճյուղ դարձրած ՀՀՊ-ի, ոչ «բաց ձեռքերով» հրապարակ գնացող Նիկոլ Փաշինյանի 14+4 ծրագրին:
3. ԱՄՆ-ը հետևում է ժողովրդավարության նորմերին և նույնը պահանջում է իշխանությունից, ընդդիմությունից, ժողովրդից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նույն շրջագծում էր ԱՄՆ դեսպանատան մյուս պարզաբանումը` ԱՄՆ բյուջեի ծախսերի «ոչ ճշգրիտ» մեկնաբանությունների մասին։ «Բյուջեի մասին համաձայնագիրը, որ վերջերս ստորագրեց նախագահ Դոնալդ Թրամփը, նախատեսում է ֆինանսավորում արտաքին աջակցության ծրագրերի, այդ թվում և Հայաստանում իրականացվող ծրագրերի համար: Վերջերս տեղ գտած հրապարակումները, թե այս բյուջեով Հայաստանին արտաքին աջակցություն չի տրամադրվում, սխալ են, և դրանց հիմքում ԱՄՆ բյուջետային գործընթացի վերաբերյալ թյուրընկալումներն են»: Դեսպանատունը բացատրում է, որ Կոնգրեսի` Եվրոպայում և Եվրասիայում աջակցության ծրագրերին հատկացված միջոցների 58 միլիոն ԱՄՆ դոլարը կբաշխվի տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի միջև, որոնց նպատակային մասհանում Կոնգրեսը չի նախատեսել: Հատկացվող միջոցների չափը կորոշվի միջգերատեսչական գործընթացի շրջանակում: Բյուջետային այս գործընթացում նախորդ տարիների համեմատ փոփոխություն չի կատարվել: Նպատակային մասհանման բացակայությունը Հայաստանի մասով չի նշանակում, որ Հայաստանը արտաքին աջակցություն չի ստանալու: Եվրոպայի և Եվրասիայի արտաքին աջակցության միջոցների բաշխումը, այդ թվում` Հայաստանին հատկացվող ֆինանսավորման չափը և ֆինանսավորվելիք ծրագրերը, քննարկվում են ԱՄՆ պետքարտուղարությունում և ԱՄՆ ՄԶԳ-ում:


«25 տարի ԱՄՆ-ը, ելնելով մեր ընդհանուր արժեքներից, եղել է ամուր գործընկեր ու բարեկամ Հայաստանի համար: Փաստացի, Հայաստանին հատկացվող ԱՄՆ արտաքին աջակցությունը վերջին տարիներին ավելացել է և 2017-ին կազմել է շուրջ 23 միլիոն ԱՄՆ դոլար: Միայն ԱՄՆ ՄԶԳ-ն անկախացումից ի վեր Հայաստանին հատկացրել է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար աջակցություն, իսկ այս պահին իրականացնում է 28 տարբեր ծրագրեր, որոնց ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 70 միլիոն ԱՄՆ դոլար»` տեղեկացրել է ԱՄՆ դեսպանատունը և հավելել` նախագահ Թրամփի ստորագրած բյուջեի մասին օրենքում արտաքին աջակցության ֆինանսավորման չափը նախորդ տարվա համեմատ չի փոխվել, Հայաստանին տրամադրվող արտաքին աջակցության լիարժեք մակարդակը կպահպանվի: «Մենք Հայաստանի կառավարությանը և քաղաքացիներին տեղյակ կպահենք միջոցների բաշխման շուրջ Վաշինգտոնում ընթացող քննարկումների վերաբերյալ»,- ասված է դեսպանատան պարզաբանման մեջ։


Մեկ օրում 2 հայտարարություն` 2 վկայություն, որ ԱՄՆ-ը Հայաստանում մտադիր չէ իր ներկայությունն ու ազդեցությունը նվազեցնել կամ զիջել որևէ մեկին, կապել աշխարհաքաղաքական իրավիճակներին և եզրակացությունները բխեցնել այդ իրավիճակներից: Հարցեր կա՞ն: Եթե այո, ուղղեք դեսպանին: Թեև նա ասել է ամեն ինչ ու նույնիսկ ավելին:

Դիտվել է՝ 2314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ